«Սարդ մարդը 4» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 24-ին

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ միաժամանակ տարածեցին “Sony Pictures” ընկերության հայտարարությունը. «Սարդ մարդը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 24-ին՝ «Վրիժառուները. Դատաստանի օրը» ֆիլմի պրեմիերայից (նախատեսված է մայիսի 1-ին) մի քանի ամիս անց, որտեղ կտեսնենք Ռոբերտ Դաունի Կրտսերին:

Սուպերհերոսի գլխավոր կերպարին կվերադառնա Թոմ Հոլանդը, ով մարմնավորել էր Սարդ մարդուն նախորդ եռապատման և Մարվելի մի շարք ֆիլմերում: Նոր ֆիլմի ռեժիսորն է Դենիել Դեսթին Քրեթթոնը, ով ևս համագործակցել է Մարվել ընկերության մեկ նախագծի ժամանակ՝ «Շան-Չի և 10 մատանիների լեգենդը»:

Սեպտեմբերի վերջերին շրջանառվում էր այն վարկածը, որ նոր Սարդ մարդու մասին պատմող ֆիլմի նկարահանումները տեղի կունենան հաջորդ տարի Անգլիայում:

Մենք սկսում ենք Փիթեր Պարկերի մասին պատմող նոր ֆիլմի աշխատանքները: Նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի ամռանը: Ամեն ինչ պատրաստ է աշխատանքը սկսելու համար: Ես անհամբերությամբ սպասում եմ – նշել է Թոմ Հոլանդը:

Հավանաբար Մարվել ընկերությունը կնքել է նոր պայմանագիր “Sony Pictures”-ի հետ, ըստ որի նրանք համատեղ կարտադրեն Սարդ մարդու մասին պատմող հերթական ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերասան Թոմ Հոլանդը նույնպես նոր պայմանագիր է կնքել: Ըստ որոշ տվյալների նոր պայմանագիրը նախատեսում է «Սարդ մարդու»  նոր եռապատում և երկու նոր ֆիլմ «Վրիժառուները» երկարապատումից:

Սարդ մարդու մասին վերջին եռապատումը Sony և Մարվել ընկերություններին բերել է մոտ 4 մլրդ. դոլար եկամուտ:

Ավելի վաղ Թոմ Հոլանդը սցենարի մասին նշել էր, որ իր գործընկերուհի Զենդայաի հետ միասին կարդացել են ֆիլմի սցենարը և նշել, որ այն «արժանի է ֆանատներին»: