Հայկական անիմացիա
-
Հայկական անիմացիա
- հրապարակվել է 01.11.2021
60-ական թվականների կեսերին, երբ ծնվել ու զարգացման ուղին էին բռնել ազգային մուլտֆիլմերը, սովետական կինոտեսաբանները վիճում էին՝ ո՞րն է նրանց հեռանկարները: Մի մասը պնդում էր, թե անհրաժեշտ է որպես «դպրոց» անցնել դիսնեյան ճանապարհը, մյուսները խոսում էին ավելի ինքնուրույն ազգային ուղիներ որոնելու մասին… Անցան տարիներ, և ռուսական Քուռկիկը, ուկրաինական Կազակը, վրացական Կատուն, հայկական Քուչին, ղազախական Բայը շարունակում են շարժվել ու խոսել տասնյակ տարիների հնություն ունեցող ամերիկյան դեղնակտուց բադի ու հնարամիտ մկնիկի ձևով ու առոգանությամբ: Առանց այդ հենասյունի մուլտարվեստը հազիվ թե զարգանար ազգային դպրոցներում:
Սկզբնական շրջանում ազգային ստուդիաներում սկսեցին աշխատել Մոսկվայից հրավիրված մասնագետներ: «Սոյուզմուլտֆիլմ»-ից Հայաստան հրավիրվեցին Լև Ատամանովը և Վլադիմիր Սուտեևը: Հենց նրանց ջանքերով էլ հիմնադրվեց հայկական մուլտիպլիկացիոն կինոարվեստը: Եվ ո՞ր հեքիաթը կամ գրական ստեղծագործությունը կարող էր ավելի հարմար լինել մուլտիպլիկացիոն ֆիլմի համար, եթե ոչ Թումանյանի «Շունն ու Կատուն»: Մանուկների համար գրված սքանչելի այդ ստեղծագործությունը էկրանավորվեց 1936 թվականին (սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Լ. Ատամանով, նկարիչ՝ Վ. Սուտև) և դարձավ հայկական առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարը:
Ֆիլմում քեռի Քուչին հովիվ է: Վրա են հասնում ցրտերը և սկսում է մրսել քեռի Քուչին: Մորթին առած նա գնում է քաղաք, որ մի գդակ պատվիրի գլխին հարմար: Անցնում է քաղաքի նեղ փողոցով, կյանքը եռում է այստեղ. նապաստակը սառը ջուր է ծախում, գայլ պանդոկապանը թարմ խորոված է մատուցում, արջը վաճառում է իր խաղողը, խոզը՝ բազմած տակառին, անցորդներին գինի է առաջարկում: Ահա այս փողոցում էլ Քուչին հայտնվում է ուստա Փիսոյի արհեստանոցում: Տալիս է մորթին, գդակ պատվիրում և ասում. «Համա-համա շատ չուշանա»: Մնացածը՝ ինչպես կա Թումանյանի մոտ: Բայց ոչ. Լև Ատամանովը մտցրել էր նաև Դիվան Բաշու կերպարը: Դա սուր-սուր պոպոզով, ցից մորուքով այծն էր, որին կատուն իբր թե նվիրել էր գլխարկը: Դե պարզ է. այդ դատավորի մոտ Քուչին չէր կարող հասնել արդարության…
Թումանյանի լեգենդի էկրանավորումը, նրա նոր ծնունդը պսակվեց հաջողությամբ: Գովասանքի արժանացան ֆիլմի գործեղ անձանց գրաֆիկական շարքը, միջավայրի արտահայտիչ պատկերները, նուրբ հումորը:
Ֆիլմը բարձր գնահատվեց նաև միութենական մամուլում: Ճանաչված կինոարվեստաբան Ս.Գինսբուրգը «Շունն ու կատուն» ֆիլմը բնութագրեց որպես վառ ազգային ստեղծագործություն:
Մուլտիպլիկացիոն երկրորդ գրական ֆիլմի համար գրական հիմք հանդիսացավ «Տերտերն ու այծը» հայկական ժողովրդական հեքիաթը: Գրական սցենարը գրեց մանկագիր Մկրտիչ Կորյունը: Ու թեև ֆիլմը ուներ բարոյադաստիրակչական խոշոր նշանակություն, բայց և այնպես չունեցավ սպասված հաջողությունը, թեև ռեժիսորը ձգտել էր հավատարիմ մնալ սովետական կինոյի 30-ական թվականների ավանդներին: Լև Ատամանովը կրկնել էր «Շունն ու կատուն» կինոնկարում օգտագործված գրաֆիկական և ոճական արտահայտչաձևերը:
Ատամանովը ձեռներկալկել էր երրորդ կինոնկարի՝ «Կախարդական գորգ»-ի (դարձյալ հայկական ժողովրդական հեքիաթի մոտիվներով) նկարահանման աշխատանքները, երբ սկսեց պատերազմը: Այդ ֆիլմը նա ավարտեց 1948 թվականին:
...Դժվար է ասել՝ ո՞րն էր Հայֆիլմի մուլտարտադրամասի լուծարվելու, էնտուզիաստների խմբի ցրվելու պատճառը. ֆիլմի անհաջողությո՞ւնը, հիասթափության ընդհանուր մթնոլո՞րտը, թե Ատամանովի՝ կրկին «Սոյուզմուլտֆիլմ» վերադառնալը: Այնուամենայնիվ, այս ամենին հաջորդեց տևական ընդմիջում, սկսվեցին սպասման երկար ու ձիգ տարիները: Եվ միայն 1967 թվականին էնտուզիաստների մի նոր խմբի ջանքերով Հայաստանում վերածնվեց նկարչական կինոն:
Շարունակելի …