Սոնիկ (Sonic) – կապույտ ոզնու ճանապարհորդությունը

Ասել, որ այս նյութը ձեզ կպատմի Սոնիկի էվոլուցիան իր ողջ մանրամասներով՝ չափազանցված կլինի, բայց մենք փորձել ենք հայաֆիկացնել Սոնիկի մասին բոլոր հետաքրքիր փաստերը և պատմությունները։ Դե ինչ, գնացինք 90-ականներ:

Պատմությունը սկսվեց 1990 թվականին Sega-ում։ Նկարիչ Նաոտո Օհշիման և ծրագրավորող Յուջի Նաական հանձն առան Sega-ի նոր խաղային հերոսի ստեղծման աշխատանքները։ Սկսվեցին կերպարի ստեղծման քննարկումները: Առաջարկվեցին ավելի քան 200 տարբերակներ՝ գիշերազգեստով տղամարդուց մինչև գայլ և նապաստակ: Ի դեպ գիշերազգեստով տղամարդու կերպարի կոնցեպտը հետագայում դարձավ Սոնիկի գլխավոր թշնամին՝ Դոկտոր Էգգմանը:

Ի սկզբանե բացահայտ ֆավորիտը երկար ականջներով կապույտ նապաստակն էր։ Նաական պատկերացնում էր, որ նապաստակը տեսախաղի թշնամիներից կարող է ինքնապաշտպանվել ականջների միջոցով՝ ականջներով վերցնելով իրեր և նետելով թշնամիների վրա։ Նապաստակի նկարից կարող ենք բացահայտ նկատել նմանությունները ներկայիս Սոնիկի հետ. կապույտ մորթին, մեծ և կլոր աչուկները, ձեռնոցներն ու կոշիկները։

Ինչևէ, խաղի փորձնական տարբերակը ծրագրավորելու ընթացքում Նաական հասկացավ, որ նապաստակին կառավարելու համար խաղացողները չափից շատ ստեղներ են օգտագործելու։ Այդիսկ պատճառով նրանք նորից վերադարձան կերպարի քննարկումներին, քանի որ ցանկանում էին, որ Սոնիկը  պաշտպանվելիս որպես զենք օգտագործի հենց իր մարմինը և որոշոցին դիմել <<հանդիսատեսի օգնությանը>>։

Օհշիման կերպարի մի քանի դիզայններ իր հետ վերցրեց և գնաց Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգի` պատահական անցորդներից  հարցուփորձ անելու։ Նրանք իրենց հետ ունեին շուն, ոզնիներ և խոսում էին քաղաքականությունից։ Բնականաաբար այս 3 տարբերակներից ճնշող մեծամասնությամբ ընտրվեց ոզնին, ում անունն էր <<Միստր Նիդլմաուս>>, որը թարգմանաբար նշանակում էր <<ոզնի>>։ Բարեբախտաբար այն կարճ ժամկետներում փոխվեց <<Սոնիկ>>-ի։

Սոնիկի դիզայնը ստեղծվել է այն պարզագույն սկզբունքով, որ փոքրիկ երեխաներն անգամ կարողանան այն նկարել։ Սոնիկ ոզնու փշերը կորացված էին արագությունն ավելացնելու և գնդակի ձև ստանալու համար։ Ոզնու մորթին կապույտ էր՝ Sega-ի լոգոյի գույնին համապատասխան: Ուշադրություն դարձնենելով ոզնու կոշիկներին կնկատենք, որ այն ունի Մայքլ Ջեքսոնի կոշիկների նույն ձևվածքը, իսկ դրանց կարմիր և սպիտակ  գունային գամման ընտրել էին՝ ոգեշնչվելով Սանտա Կլաուսից և որ կարևորն է՝ Մայքլ Ջեքսոնի BAD ալբոմի գլխավոր շապիկից։

Երբ հերթը հասել էր Սոնիկի բնավորության գծերի ընտրությանը, Օհշիման որոշեց, որ նա կլինի մի փոքր սառնասիրտ և համառ՝ ինչպես Բիլ Քլինթոնը։

Կերպարն առաջին անգամ հանրությանը ներկայացավ 1991թ.-ին “Rad Mobile” ավտոխաղում, որպես մեքենայի հայելուց կախված դեկորատիվ խաղալիք: Սոնիկի աստղային  շրջանը սկսվեց “Sonic Spinball” խաղաշարքից։

Մինչ “Sonic The Hedgehog 2”-ը Սոնիկի հիմնական դիզայնը գրեթե նույնն էր, որը օգտագործվեց հայտնի դարձած 2 հեռուստահաղորդումներում՝ <<Սոնիկ Ոզնին>> (1993-1994) և << Սոնիկ Ոզնու Արկածները>> (1993), ինչպես նաև “Archie Comics” հրատարակության համանուն կոմիքսներում։ Սոնիկի դիզայնը գլոբալ փոփոխություններ չկրեց մինչև SEGA DREAMCAST-ի նոր՝ <<Սոնիկի Արկածները>> խաղը (1998թ.): <<Սոնիկի Արկածներ>>-ը առաջին խաղն էր, որտեղ ներկայացվեց ժամանակակից Սոնիկը։

SEGA DREAMCAST-ի տեխնիկական նոր հնարավորությունների շնորհիվ ճապոնացի նկարիչ Յուջի Ուեկավան մի քանի արտաքին փոփոխությունների ենթարկեց Սոնիկին` այս անգամ նրան ներկայացրեցին նաև հետևից, քանի որ նախորդ խաղերում Սոնիկը երևում էր հիմնականում կողքից։

Փոփոխվեցին մարմնի մասերը այն չափերով, որ հնարավորինս պարզ երևա հերոսը ամեն անկյունից։ Փշերի չափսերը մեծացան և սրվեցին, քիթն ու վերջույթները մարմնի համեմատ բարակեցին և երկարեցին: Ընդհանուր առմամբ կերպարը դարձավ ավելի անկյունային և սուր, կորցրեց իր փորիկը։ Կապույտի նուրբ երանգով մորթին վերածվեց ավելի մուգ և աչքի ընկնող կապույտի։ Աչքերը սևից դարձան կանաչ, որպեսզի հստակ տարբերվեն մաշկի գույնից։

Ուեկավան մեջբերում էր, որ շատ տպավորված էր Ակիրա Տորիյամայի Dragon Ball Z անիմեի կերպարներից և հենց դա իր ազդեցությունն ունեցավ “street art” լուծումներով Սոնիկի նոր դիզայնը մշակելիս։ Սոնիկն այլևս առաջվա բարի և կարգապահ կերպարը չէր։ Այժմ նա շատ ավելի համառ էր, համարձակ և ինչ-որ տեղ անզուսպ։

Կերպարը պահպանելու և զարգացնելու համար <<Սոնիկի Արկածները 2>>-ում (2001թ.) Սոնիկի կոշիկները դարձան ավելի սպորտային և կոպիտ: Նախորդ կերպարի նման, նոր կերպարին նույնպես ընդգրկում էին բազմաթիվ հեռուստահաղորդումներում և կոմիքսներում։ Սոնիկի խաղերում այլևս այդքան չէին կենտրոնանում նրա դիզայնին, այլ բարելավում էին շատ այլ մանրուքներ։

Ի վերջո 2006թ.-ին Յուջի Նաական  ցանկացավ ստեղծել ավելի ռեալիստիկ և իրական խաղ։ Խաղն անվանվեց “Sonic the Hedgehog”։

Այն պատմում էր Սոնիկի նոր հետաքրքրության՝ Էլիզ արքայադստեր մասին, ով ուներ գաղտնի ուժ, որը ուզում էր Դոկտոր Էգգմանը շահագործել։ Սոնիկը փրկում էր նրան նորից ու նորից։ Քանի որ Սոնիկը պետք է հաղորդակցվեր Էլիզի հետ, մոդեռատորները ոզնուն դարձրեցին ավելի բարձրահասակ և այսպես ասած <<հասուն>>։

Խաղի այս թարմացումը այդքան էլ չընդունվեց հանրության կողմից և Սեգան ստիպված եղավ վերադառնալ հին՝ ավելի թեթև խաղերին։ 2008թ.-ին ստեղծվեց նոր խաղ, որը կոչվում էր “Sonic Unleashed”: Նոր խաղում Սոնիկը ավելի <<փափուկ>> էր, մարզված և մկանոտ։
2014թ.-ին թողարկվեց համակարգչային “Sonic Boom” անիմացիոն շարքը, որի իրադարձությունները տեղի են ունենում ալտերնատիվ իրականությունում, որը տարբերվում էր վիդեո խաղերի աշխարհից:

Անիմացիոն շարքի յուրաքանչյուր դրվագ ներկայացնում է առանձին պատմություն՝ գլխավոր հերոսների մասնակցությամբ։ Այստեղ Սոնիկը ներկայացավ այն տեսքով, որին լսարանը սովոր էր և սիրում էր տեսնել իրեն։ Կերպարի դիզայնին ավելացել էր շարֆիկը և փշերի մեջ ավելացել էին մազիկներ։ Ձեռքերն արդեն կապույտ էին։

Sonic-ը ներկայացավ նաև Disney-ի 2012թ. արտադրության Ralph ֆիլմում: Դրանից բացի, ոզնին հայտնվում է նաև “The Simpsons” մուլտսերիալի մի քանի դրվագներում։

2020թ.-ին տեղի ունեցավ Paramount Pictures կինոընկերության “Sonic” ֆիլմի պրեմիերան, որի սկիզբը դրվել էր դեռ 2014 թվականին։ Ֆիլմը ստեղծվել է համակարգչային գրաֆիկայի և իրական դերասանների մասնակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորն է Ջեֆֆ Ֆոուլերը, սցենարը գրել են Պատրիկ Քեյսին և Ջոշ Միլլերը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Բեն Շվարցը, Ջեյմս Մարսդենը և Ջիմ Քերին:

Ֆիլմի նախնական տարբերակում դիզայներները Սոնիկին դարձրել էին շատ բնական և նման իրական ոզնու՝ աչքերն ավելի փոքր և մարդկային ատամնաշարով։ Ընդհանուր առմամբ նա նման էր փոքրիկ երեխայի, որն էլ որ մեծ քննադատությունների ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Ռեժիսորը խոստացավ փոփոխել կերպարին այնքան, որ հնարավորին նման լինի նախորդ ավելի մոդեռն ոճի Սոնիկին։

2020թ.-ի սկզբին “Paramount Pictures”-ը թողարկեց ֆիլմի նոր թրեյլերը, որտեղ արդեն իրականացված էին շտկումները՝ Սոնիկի աչքերն էին մեծացրել և նմանացվել նախորդ տարբերակին, սակայն միևնունն է տարբերությունները շատ էին Sega-ի Սոնիկից։ Ձեռքերը կապույտ էին, ինչպես Sonic Boom-ում։ Ֆիլմում առավել աչքի էր ընկնում ոզնու մորթին, որը Սոնիկի առաջին <<փափուկ>> տարբերակի հակապատկերն էր։ Սոնիկի այս տարբերակն ուներ սուպեր ժամանակակից սպորտային կոշիկներ։ Այսպես ասած Paramount-ի կերպարը նախորդ բոլոր Սոնիկների համախումբը կարծես լինի։ Այսպիսով Սոնիկը շատ երկար ճանապարհ է անցել նապաստակից մինչ ոզնու բնական live-action տարբերակը։

Փոփոխությունները ոչ միշտ են դրական լինում: Ամեն դեպքում տարբեր կարծիքներից գալիս ենք այն եզրակացության, որ երկրպագուները նախընտրում են Սոնիկի 90-ականների տարբերակը, որի հետ միասին մեծացել է իրենց սերունդը։

Իսկ արդեն այս տարի գարնանը Sonic 2 ֆիլմը կլինի մեծ էկրաններին: